Մեր մասին
Հովհ. Թումանյանի անձնական գրադարանը բանաստեղծի ժառանգության կարևորագույն մասն է կազմում: Այն հարուստ ու բազմաբովանդակ հավաքածու է, որը Թումանյանը հատուկ ընտրությամբ հավաքել է ողջ կյանքի ընթացքում՝ գրապահարաններում զետեղելով գրքերն ըստ թեմաների: Նույն սկզբունքով հավաքածուն պահվում է Թումանյանի երևանյան թանգարանի համապատասխան սրահում։ Հովհ․ Թումանյանի անձնական գրադարանում առկա է 8150 (6160 անուն) գիրք ու պարբերական, որոնցից հայերեն` 2400 (2042 անուն), ռուսերեն` 5220 (3700 անուն), օտար լեզուներով` 529 (430 անուն): Գրքերից շատերի էջերին առկա են բազմաթիվ ու բազմապիսի նշումներ, որոնք ուսումնասիրողին հնարավորություն կընձեռեն բացահայտելու Թումանյան-ընթերցողի նախասիրությունները, մտորումները, նրա վերաբերմունքը այս կամ այն հեղինակին, երևույթին կամ պատմական իրադարձությանը: Թումանյանի գրադարանում պահվում է նշումներով մոտ 550 գիրք: Հնատիպ ու հազվագյուտ գրքերի քանակը մոտ 300 է։ Ամենահին թվագրվող գրքերից են` Ներսես Շնորհալու «Հիսուս որդի», Վենետիկ, 1660; «Նոր կտակարան», Ամստերդամ, 1668; Առաքել Դավրիժեցի «Գիրք պատմութեանց», Ամստերդամ, 1669; «Գիրք, որ կոչի Հարանց վարք», Կ. Պոլիս, 1720, «Сравнительный словарь всех языков и наречий», Սանկտ-Պետերբուրգ, 1789: Բազմաթիվ գրքերի տիտղոսաթերթերի վրա կան հեղինակների, հրատարակիչների, թարգմանիչների և մտերիմների ջերմ, անկեղծ ընծայագրերը: Այդպիսի գրքերի թիվն անցնում է 260-ից: Գրեթե բոլոր գրքերի տիտղոսաթերթերին և վերջին էջին առկա է Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: